User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 
(0 / 0)

Բարսելոնան Իսպանիայի երկրորդ ամենամեծ քաղաքն է: Այն համարվում է Կատալոնիա ինքնավար մարզի մայրաքաղաքը: 

Բնակչությունը կազմում է 1, 6 մլն մարդ։ Այն համարվում է 6-րդ ամենախիտ բնակեցված քաղաքային տարածքը Եվրոպայում։ Տեղակայված է Միջերկրական ծովի ափին՝ Լոբրեգատ և Բեսոս գետերի միջև։ Հիմնադրվելով որպես հռոմեական քաղաք, հետո այն դառել է Բարսելոնա նահանգի մայրաքաղաքը։ Բարսելոնան ունի հարուստ մշակույթային ժառանգություն և այժմ շարունակում է մնալ կարևոր մշակույթային և զբոսաշրջային կենտրոն։ 1992թ. Բարսելոնում են անց կացվել ամառային Օլիմպիական խաղերը: Բարսելոնի կլիման միջերկրական ծովի կլիման է։ Ձմեռը մեղմ և չոր է, իսկ ամառը տաք և խոնավ։ 

Բարսելոնան բաժանված է 10 վարչական շրջանի, որոնցից հիմնականում երեքում են կենտրոնացված գլխավոր տեսարժան վայրերը` Հին քաղաքում (Գոթական թաղամաս), որը քաղաքի պատմական կենտրոնն է, Էշամպլեում, կամ Նոր քաղաքում, որը կառուցվել է 19-րդ դարում, և Մոնջույք թաղամասում, որը գտնվում է համանուն բլրի վրա: Քաղաքի սիրտը Կատալոնիայի հրապարակն է, որից սկսվում է ծովափ տանող գլխավոր փողոցը և միաժամանակ տեսարժան վայրը` Լա Ռամբլան, որը բաժանում է Գոթական և Ռավալ թաղամասերը: Գլխավոր հրապարակում կան բազմաթիվ տեսարժան վայրեր` Կոլումբոսի հուշարձանը, Ծովային թանգարանը, Բարսելոնայի ցուցահանդեսային կենտրոնը, Ազգային պալատը, Մարսետ պալատը: Հին քաղաքի շինությունների մեծ մասը կառուցվել է 14-15-րդ դդ: Այստեղ նաև պահպանվել են հին հռոմեացիների շրջանի որոշ կառույցներ: Գլխավոր տեսարժան վայրը Սբ. Խաչի և Սբ. Եվլալիայի տաճարն է, որը համարվում է Իսպանիայի ամենագեղեցիկ տաճարներից մեկը: Այն կառուցվել է 13-րդ դարի վերջից մինչև 15-րդ դարի կեսը և արքեպիսկոպոսի նստավայրն է: Մեկ այլ հրաշալի տաճար է Սագրադա Ֆամիլիա տաճարը (Սուրբ Ընտանիքի), որը 1883թ. սկսել է կառուցել Գաուդին, սակայն շինարարական աշխատանքները դեռևս չեն ավարտվել: Գաուդին համարվում է Իսպանիայի ամենահայտնի և նշանավոր ճարտարապետներից մեկը: Նրա կողմից ստեղծված շինությունները զարդարում են Բարսելոնան: Գաուդիի Սագրադա Ֆամիլիան, Գուելի պալատը, Վիսենա, Բալյո և Միլա տները գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ: Բարսելոնայում կան նաև թատրոններ և թանգարաններ: Ամենաշատ այցելվող թանգարաններից մեկը Պիկասսոյի թանգարանն է, որը համարվում է լավագույններից մեկը Իսպանիայում:

Բարսելոնան գրավում է նաև իր հրաշալի լողափերով: Լողափը ձգվում է մոտ 4կմ և բաժանվում է 4 հիմնական գոտիների: Ամենահայտնի գոտին Բարսելոնետա շրջանի լողափն է, որը գրեթե քաղաքի կենտրոնական մասում է: Այստեղ սիրում են հանգստանալ և´ տեղացիները, և´ զբոսաշրջիկները: Մյուս գոտիներն են Իկարիա, Մար Բելյա և Սիտժես լողափերը:

Ֆուտբոլի սիրահարներին, հատկապես «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի երկրպագուներին կհետաքրքրի այցելությունը Կամպ Նոու մարզադաշտ, որը պատկանում է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբին: Մարզադաշտի բացումը տեղի է ունեցել 1957թ. և առաջին պաշտոնական անվանումը եղել է Estadi del FC Barcelona, իսկ 2000թ. այն պաշտոնապես դարձավ Կամպ Նոու, որը թարգմանվում է որպես «նոր դաշտ»:

Բարսելոնայում կարելի է գնել հագուստ, կոշիկ, աքսեսուարներ: Հայտնի է Էլ Կորտե Ինգլեսը, որտեղ վաճառում են գրեթե ամեն ինչ: Բրենդերի և բուտիկների սիրահարներին խորհուրդ է տրվում գնալ Գրասիա պողոտա: Զբոսաշրջիկները որպես հուշանվերներ սովորաբար վերցնում են խամոն, գինի, ձիթապտղի ձեթ: