User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 
(0 / 0)

Մադրիդը Իսպանիայի մայրաքաղաքն է և երկրի ամենամեծ քաղաքը: Երրորդ ամենամեծ քաղաքն է Եվրոպայում Լոնդոնից և Բեռլինից հետո:

Քաղաքի բնակչությունը մոտ 3.3 մլն է, իսկ արվարձաններով` 6.2 մլն։ Այն իր արվարձաններով նույնպես երրորդն է Եվրոպայում Լոնդոնից և Փարիզից հետո։ Քաղաքի մակերեսը 604.3 կմ2 է։ Մադրիդը գտնվում է ցամաքային միջերկրածովյան կլիմայի տարածքում: 

Մադրիդի անվան ծագման հետ մի քանի վարկածներ կան։ Ըստ ավանդույթի` Մադրիդը հիմնադրել է Օսնո Բիանորը և անվանել «Մետրագիրթա» կամ «Մանտուա Կարպետանա»։ Մեկ այլ ավանդույթի համաձայն` քաղաքն անվանվել է «Ուրսաիրա» (թարգմ.՝ արջերի երկիր), քանի որ այդ տարածքում նախկինում ապրել են մեծ թվով արջեր, որոնք միջին դարերում ելակի ծառի հետ միասին եղել են քաղաքի խորհրդանիշը։

Ներկայումս լեզվաբանների մեծ մասը հակված են այն տարբերակին, ըստ որի անվանումը գալիս է 2-րդ դարից, երբ Հռոմեական կայսրությունը Մանզանարես գետի ափին բնակավայր հիմնեց։ Այդ բնակավայրը կոչվել է «Մատրիս»: 

Մադրիդը վարչականորեն բաժանված է 21 թաղամասերի, որոնք էլ իրենց հերթին` 128 ենթաթաղամասերի:

Չնայած Մադրիդի մի մասը զբաղեցված է եղել նախապատմական ժամանակներից, այնուամենայնիվ առաջին հիշատակումները քաղաքի մասին մեզ հասել են 9-րդ դարից, երբ Մուհամեդ I-ը պատվիրեց կառուցել փոքրիկ պալատ։ Այս պալատի շրջակայում կառուցվեց ալ-Մուդաինա միջնաբերդը։ Պալատը կառուցվեց Մանզանարես գետի տեսարանով, որը մուսուլմանները կոչեցին Մայրիտ, որը նշանակում էր աղբյուրի ջուր, իսկ հետո հավանաբար Մադրիդ։ 

Մադրիդը մեկ շնչին ընկնող ծառերի և կանաչ գոտիների քանակով առաջինն է Եվրոպական քաղաքներում և երկրորդը աշխարհում` զիջելով միայն Տոկիոյին։ Մադրիդյան բնակիչները կարող են քայլել կանաչ տարածքներով 15 րոպե։ Ներկայումս Մադրիդի 8.2%-ը կանաչ գոտիներ են, մեկ շնչին ընկնում է 16 մ2 կանաչ գոտի։ 

Մադրիդը Իսպանիայի ամենաճանաչված մշակութային քաղաքներից մեկն է։ Մադրիդը համարվում է Եվրոպական լավագույն քաղաքներից մեկը իր պատկերասրահների և թանգարանների ցուցանիշով։ Լավագույնը համարվում է Արվեստի ոսկե եռանկյունին, տեղակայված Պասեո դել Պրադոյի երկայնքով և իր մեջ ներառում է երեք թանգարան։ Դրանցից ամենահայտնին Պրադո թանգարանն է, որտեղ գտնվում են Դիեգո Վելասկեսի Լաս Մենինասը, Ֆրանցիսկո Գոյաի Լա մայա վեստիդան և Լա մայա դեսնուդան։ Մյուս երկու թանգարաններն են՝ Տիսեն-Բորնեմիսա թանգարանը, ստեղծվել է խառը մասնավոր հավաքածուներից, և Ռեյնա Սոֆիա թանգարանը, որտեղ գտնվում է Պաբլո Պիկասոյի Գերնիկա գեղանկարը։ 

Մադրիդում կան զգալի քանակությամբ Կաթոլիկ եկեղեցիներ, դրանցից շատերը համարվում են կրոնական արվեստի նմուշներ։ Քաղաքի ամենահին եկեղեցին, որը պահպանվել է մինչև մեր օրերը, Սան Նիկոլաս դե լոս Սերվիտես եկեղեցին է, որի զանգակատունը (12-րդ դար) Մուդեխար ոճի է։ Հաջորդ ամենահին եկեղեցին Սան Պեդրո Էլ Ռեալն է՝ իր աղյուսե աշտարակով։ 

Մադրիդը հայտնի է իր ցլամարտերով: Այստեղ է գտնվում ամենամեծ ցլամարտի ասպարեզը՝ Լաս Վենտասը՝ հիմնադրված 1929 թ.։ Լաս Վենտասը ունի մոտ 25.000 նստատեղ և շատերի կողմից համարվում է ցլամարտի կենտրոն։ Մադրիդում ցլամարտի սեզոնը սկսվում է մարտին և ավարտվում հոկտեմբերին։ Ցլամարտերը անցկացվում են Սան Իսիդրոյի տոնակատարությունների օրերին ամեն օր, մայիսի կեսերից մինչև հունիս, և ամեն կիրակի ոչ տոնական օրերին։