User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 
(0 / 0)

Էրեբունի թանգարան

Էրեբունին ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հայկական հնագիտական ժառանգության նշանավոր հնագիտական հուշարձաններից է, մեկը Ուրարտու պետության հյուսիսային սահմանի երկայնքով կառուցված ուրարտական հզոր բերդաքաղաքներից, կարևորագույն տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոն։

Հայկական լեռնաշխարհում առաջին միասնական պետությունը Ուրարտուն է, որը հայկական աղբյուրներում հիշատակվում է Արարտու երկիր կամ Արարատեան թագավորություն անուններով։ Կազմավորվելով Վանա լճի ավազանում մ.թ.ա. IX դարում` այն իր ծաղկմանն է հասել Մենուա Ա, նրա որդի Արգիշտի Ա և Սարդուրի Բ թագավորների օրոք, ովքեր երկրի սահմաններն ընդարձակել են դեպի հյուսիս, հարավ և արևելք։ Արգիշտին մ.թ.ա. VIII դարի սկզբին անցնում է Արաքս գետը և գրավում նաև Արարատյան դաշտավայրը։ Մ.թ.ա. 782 թ. տերության հյուսիսարևելյան շրջաններն ամրացնելու նպատակով նա հիմնում է Էրեբունին` որպես վարչատնտեսական և ռազմական կարևոր կենտրոն։

Պետության ծաղկման շրջանում ամրապնդելով երկրի սահմանները` Ուրարտուի թագավորները հարավում գրավեցին մի շարք ասսուրական նահանգներ` ձգտելով դուրս գալ Միջերկրական ծով և վերահսկել հիմնական առևտրական ուղիները։

Ռուսա I (մ.թ.ա. 735-713 թթ.) թագավորը կարողացավ միավորել երկիրը և միջոցներ ձեռնարկել երկրի պաշտպանության ուղղությամբ։ Ասորեստանը ուշադիր հետևում էր իր թուլացած, բայց դեռևս զորեղ հյուսիսային հարևանին։

Մ.թ.ա. 714 թ. ամռանը Սարգոն II-ը հարձակվում է Ռուսա I-ի զորքերի վրա և պարտության մատնում նրան, թալանում երկիրը` իր հետ տանելով 2 տոննա ոսկե, 10 տոննա արծաթե և մեծ քանակությամբ այլ իրեր, սակայն չի կարողանում իսպառ ոչնչացնել Ուրարտուն. այն դառնում է Հին Արևելքի երկրորդական պետություններից մեկը։

Արգիշտի II-ին (մ.թ.ա. 713-685 թթ.) վիճակված էր վարել ճկուն քաղաքականություն. մի կողմից նա դրդում էր հարևան երկրներին ապստամբել Ասորեստանի դեմ, մյուս կողմից` ձգտում էր բարիդրացիական հարաբերություններ հաստատել։

Արգիշտի II-ի ժառանգ Ռուսա II-ը (մ.թ.ա. 685-645 թթ.) հանդիսացավ Ուրարտուի վերականգնիչ` ծավալելով ամրոցների, ջրանցքների, քաղաքների հսկայական շինարարություն։ Ռուսա II-ից հետո Ուրարտուն սկսում է անկում ապրել։ Հավանաբար մ.թ.ա. VI դ. 1-ին կեսին վերջ է տրվում աշխարհի հնագույն պետություններից մեկի գոյությանը` մարերի և սկյութական քոչվոր ցեղերի հարձակումների ու ներքին խռովությունների պատճառով։