User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 
(5 / 1)

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

XX դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի (1880-1972) տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք:

Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին:

Մ. Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Թանգարանային հատվածը կառուցվեց Մարկ Գրիգորյանի նախագծով:

Դեպի փողոց դուրս եկող ճակատամասի վերին հատվածի խճանկարը, Մ. Սարյանի էսքիզով, կատարել է հայտնի նկարիչ Գագիկ Սմբատյանը: Տուն-թանգարանի առաջին տնօրենն է եղել նկարչի որդին, կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը, որն իր վրա էր վերցրել շենքի կառուցման աշխատանքների ղեկավարումը: 1967-2005 թվականներին թանգարանը գլխավորել էարվեստաբան Շահեն Խաչատրյանը, որը մեծ նվիրումով հարստացրել և համալրել է թանգարանի ֆոնդը: 2003-2004 թվականներին տուն-թանգարանի տնօրենն է եղել Լուսիկ Միրզոյանը, ով մինչ այդ երկար տարիներ թանգարանում աշխատել է որպես գլխավոր ֆոնդապահ:

2004 թվականից տուն-թանգարանը ղեկավարում է ներկայիս տնօրեն՝ նկարչի թոռնուհի, բանասիրական գիտությունների թեկնածու` Ռուզան Սարյանը: Տուն-թանգարանն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ հանգրվանել են նկարչի այն աշխատանքները, որոնք վերջին տարիներին գտնվում էին իր տանը, իր արվեստանոցում: Թանգարանի կերպարվեստի ֆոնդի ստեղծման հիմքը դարձան նկարչի նվիրաբերած 50 ստեղծագործությունները: Հետագայում ֆոնդերն ընդլայնվել են գնումների և նվիրատվությունների շնորհիվ:

Այսօր Մ. Սարյանի տուն-թանգարանի հիմնական նպատակն է Վարպետի արվեստի ցուցադրումը, մեկնաբանումն ու հանրահռչակումը: Թանգարանում տարվում է նաև գիտական աշխատանք՝ կազմվում է նրա կյանքի և ստեղծագործության լիակատար տարեգրությունը, հրապարակվում են նրա հուշերը, ձեռագրերն ու նամակները, կազմվում է աշխատանքների լիակատար կատալոգը: Ներկայումս մշակվում է նաև տուն-թանգարանի հուշային ֆոնդը: Թանգարանում կազմակերպվում են հատուկ կրթա-մշակությաին ծրագրեր երեխաների և երիտասարդության համար, անցկացվում են թեմատիկ միջոցառումներ, դասական կամերային երաժշտության համերգների ընդգրկմամբ: