User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 
(0 / 0)

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ գողտրիկ ու խաղաղ Զարոբյան փողոցում: Այս տանը նա ապրել է իր կյանքի վերջին տասը տարին:

Այսօր Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը մայրաքաղաք Երևանի աչքի ընկնող մշակութային օջախներից է, ուր այցելում են հայ և օտարազգի բազմաթիվ մարդիկ: Թանգարանում մշտապես կազմակերպվում են բազմազան ու հետաքրքիր միջոցառումներ` գիտական ընթերցումներ, գրական - երաժշտական ցերեկույթներ, բանավեճեր, գրքերի շնորհանդեսներ, բաց դասեր, համերգներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, հանդիպումներ գիտության և մշակույթի անվանի մարդկանց հետ և այլն: Վերջին տարիներին ավանդույթ է դարձել Վարպետի հարկի տակ Ավ. Իսահակյանի անվան դպրոցի առաջին դասարանցիների «իսահակյանցի» օծվելու խորհրդանշական արարողությունը, իսկ ուսումնական տարվա վերջին ավարտական դասարանների աշակերտներն այստեղ են ստանում իրենց հասունության վկայականները:Նրա մահից հետո` 1958 թվականին, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի մարտի 1-ի թիվ 67-Պ որոշմամբ Ավետիք Իսահակյանի հիշատակը հավերժացնելու նպատակով առանձնատունը վերածվում է տուն-թանգարանի:

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի խորհուրդն է պահպանել և նոր սերունդներին փոխանցել այն սուրբ մասունքները և իրեղեն վկայությունները, որոնք կապված են մեծ բանաստեղծի անվան հետ և կրում են նրա արարիչ ձեռքի դրոշմը: Այս հարկի ներքո նա ներկա չէ միայն ֆիզիկապես. Նրա լուսավոր հոգին հավետ այս տանն է, իր ժողովրդի հետ` որպես նրա երթի հավերժ ուղեկից:

Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի գործունեության ուղղություններն են` թանգարանի հավաքածուի պահպանումը, հաշվառումը, ուսումնասիրումը, ինչպես նաև մշտական ցուցադրության և ցուցահանդեսների, տարաբնույթ միջոցառումների, դասախոսությունների միջոցով հանրությանը Իսահակյանի գրական ժառանգությանը հաղորդակից դարձնելը:

Ամեն տարի թանգարանն ակտիվորեն արձագանքում է նաև Ֆրանսիայի թանգարանների նախաձեռնությանը` մայիսին կազմակերպվող ‹‹թանգարանային գիշեր›› միջազգային ակցիային, որի շրջանակներում Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ և ցուցահանդեսներ: Միջոցառումներին մասնակցում են բազմաթիվ այցելուներ` տարբեր տարիքի և զբաղմունքի տեր մարդիկ, որոնց համար սովորական օրը դառնում է տոն՝ ընդմիշտ մնալով նրանց հիշողության մեջ: