User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 
(0 / 0)

 ԱՄԷ մուտք գործելու համար անհրաժեշտ է մուտքի արտոնագիր:

ԱՄԷ կարելի է հասնել ինքնաթիռով, իսկ երկրի ներսում գործում են ավտոբուսներ, որոնք տեղափոխում են էմիրատից էմիրատ: Տարածված են նաև տաքսիները, կան հատուկ տաքսիներ կանանց և աղջիկների համար: Եթե տաքսիում չկա հաշվիչ, ապա պետք է վարորդի հետ հետ գին պայմանավորվել: Գործում են նաև ջրային տաքսիներ, ավտոբուսներ, որոնք հյուրերին տեղափոխում են քաղաքի կենտրոն կամ լողափ:

Երկրում հանցագործությունը գրեթե բացակայում է, սակայն զբոսաշրջիկների համար կան մի շարք սահմանափակումներ: Երկրում չի կարելի նկարել պետական հաստատությունները, բանկերը, ռազմական նշանակության օբյեկտները: Նաև չի թույլատրվում նկարել արաբ կանանց: Այստեղ արգելված են ազարտային խաղերը իսկ ալկոհոլային խմիչքների օգտագործումը հանրային վայրերում և փողոցում խմած հայտնվելը կարող են երկրից դեպորտացիայի պատճառ դառնալ: Լողազգեստ թույլատրվում է միայն լողափին կամ հյուրանոցի լողավազանի մոտ:

Դուբայում և Աբու Դաբիում գործում է ծխախոտի արգելք հասարակական վայրերում` առևտրի կենտրոններ, հյուրանոցներ, գրասենյակներ, խանութներ, տրանսպորտ, լողափ, սակայն որոշ վայրերում կան հատուկ առանձնացված սենյակներ ծխողների համար:

Եթե Ձեր հանգիստը համընկնում է Ռամադանի հետ, ապա պետք է պատրաստ լինել որոշ սահմանափակումների: Ռամադանը մահմեդական պահքի ամիսն է, որի ընթացքում բարեպաշտ մուսուլմանները պահք են պահում ամբողջ օրը` մինչև երեկոյան աղոթքը: Ինչ վերաբերվում է զբոսաշրջիկներին, ապա նրանք էլ պետք է հասարակական վայրերում չսնվեն և չխմեն, նաև չի կարելի ծխել և մաստակ ծամել: Որոշ հյուրանոցներում, հատկապես Դուբայում, այս սահմանափակումը չկա, սակայն այլ վայրերում, օրինակ Շարժայում, հնարավոր է, որ զբոսաշրջիկներն ամբողջ օրը քաղցած մնան: Նման սահմանափակումներից զերծ մնալու համար խորհուրդ է տրվում իմանալ, թե երբ է Ռամադանը: 

Զբոսաշրջիկներին նաև խորհուրդ է տրվում իրենց մոտ ունենալ փաստաթղթերի կրկնօրինակները, քանի որ փողոցներում ոստիկաններ են շրջում և հաճախ ստուգում են փաստաթղթերը: Անձնագրի նկատմամբ պետք է շատ ուշադիր լինել, քանի որ կորցնելու դեպքում մեծ խնդիրներ են առաջանում, հնարավոր է ձերբակալություն մինչև նոր անձնագիր կամ դեսպանատնից տեղեկանք ստանալը: