User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 
(0 / 0)

ՀՀ քաղաքացիներին Հորդանան մեկնելու համար անհրաժեշտ է վիզա:

Երկիր կարելի է հասնել ինքնաթիռով, իսկ երկրի ներսում կարելի է տեղաշարժվել ավտոբուսով: Հասարակական տրանսպորտը ավտոբուսները, երթուղայիններն ու «սերվիսներն» են, որոնք որոշակի երթուղի ունեցող 5 կամ 7 տեղանոց մեքենաներն են: Գործում են նաև տաքսիներ, որոնց վարորդների հետ պետք է նախապես գին պայմանավորվել և ցանկացած վայր հասնելու համար վարորդին ասել մոտակայքում գտնվող տեսարժան վայրը կամ որևէ հյուրանոցի անուն: Քաղաքից քաղաք գնալու համար տաքսիներին հատուկ թույլատրություն է պետք, որը վճարովի է: Կա նաև ավտովարձույթի հնարավորություն: Ճանապարհային նշանները գրված են արաբերենով և անգլերենով և հեշտ ընթեռնելի են, նաև կան հատուկ զբոսաշրջային ճանապարհային նշաններ: 

Հորդանանում հանցագործությունը գրեթե բացակայում է: Քաղաքներում շրջում է ոստիկանությունը, և բնակիչներն իրենք են պահում կարգուկանոնը: 

Պաշտոնական հանգստյան օրերն են համարվում ուրբաթ և շաբաթ օրերը, որոշ հաստատություններ փակ են նաև կիրակի օրերին, իսկ թանգարանները` նաև երկուշաբթի: Կրոնական տոները նույնպես ոչ աշխատանքային են համարվում:

Հորդանան գնալու ամենահարմար ժամանակահատվածը աշունն ու գարունն են: Երկրի հյուսիսում նոյեմբերից մարտ անձրևներ են գալիս, իսկ Մեռյալ ծովում և Աքաբայում կարելի է լողալ ամբողջ տարի, քանի որ Կարմիր և Մեռյալ ծովերում ջրի ջերմաստիճանը չի իջնում 21°C-ից: