User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 
(0 / 0)

Ֆրանսիայի հանրապետությունը (հայտնի նաև Ֆրանսիա) ունիտար կիսանախագահական հանրապետություն է Արևմտյան Եվրոպայում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս: Մայրաքաղաքը Փարիզն է, որը Ֆրանսիայի ամենախիտ բնակեցված քաղաքն է: Ֆրանսիան վարչականորեն բաժանվում է 96 դեպարտամենտի, որոնք ընդգրկված են 22 պատմական նահանգների կազմում։ Սա վերաբերում է եվրոպական Ֆրանսիային։ Բացի այս 96 դեպարտամենտները, Ֆրանսիային են ենթակա նաև 4 անդրծովյան վարչական տարածքներ, որոնք են Գվադելուպա, Մարտինիկա, Գվիանա և Ռեյնունյոն տիրույթները, 3 Անդրծովյան տարածքներ՝ Ֆրանսիական Պոլինեզիա, Ուոլիս և Ֆուտունա, Հարավային Անտարկտիկայի ֆրանսիական տիրույթները, և վերջապես, տիրույթներ, որոնք ունեն հատուկ կարգավիճակ՝ Մայոտտա կղզի, Սեն-Պիեռ և Միքլեոն, Նոր Կալեդոնիա։ Այս բոլոր տիրույթներով հանդերձ Ֆրանսիայի ընդհանուր տարածքը կազմում է 674.843 քառ. կմ, իսկ բնակչությունը՝ 64.473.140 մարդ։ Մայրցամաքային Ֆրանսիայի տարածքը 547 030կմ2 է, լինելով ամենամեծը իր տարածքով Եվրոպական միությունում: Մայրցամաքային Ֆրանսիան նաև ունի ընդարձակ գետային համակարգ, ինչպիսիք են Սենը, Լուարան, Գարոնան և Հռենոսը:

«Ֆրանսիա» անվանումը ծագում է լատիներեն Francia բառից, որը նշանակում է «Ֆրանկների երկիր»: Կան նաև այլ վարկածներ կապված «ֆրանկ» անվանման ծագումնաբանութան հետ: Դրանցից մեկը գալիս է նախագերմաներեն frankon բառից, որը թարգմանվում է գեղարդ, քանի որ ֆրանկների նետող կացինները կոչվում էին ֆրանցիսկա: Մեկ այլ վարկածով, «ֆրանկ» գերմանական լեզուներով նշանակում է ազատ:

Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը նպաստում է զբոսաշրջության զարգացմանը: Ֆրանսիայում հիմնականում զարգացած են զբոսաշրջության ծովափնյա, ժամանցային, Ճանաչողական տեսակները և ուխտագնացությունը: Երկիրն ունի զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածքներ: Այստեղ կա մոտ 20.000 հյուրանոց, 85.000 ռեստորան, 40.000 գյուղական հյուրանոցներ և 11.000 քեմփինգներ: 

Ֆրանսիայում կան բազմաթիվ տեսարժան վայրեր, որոնք գրավում են միլիոնավոր զբոսաշրջիկների: Լուվրի թանգարանը համարվում է աշխարհի խոշորագույն և հարուստ թանգարաններից մեկը: Տարեկան Լուվր է այցելում մոտ 1մլն զբոսաշրջիկ: Պիկասսոյի թանգարանում պահվում են Պիկասսոյի ստեղծագործությունները, որոնք թանգարանին են փոխանցվել նրա ժառանգների կողմից: Փարիզի խորհրդանիշն է համարվում Էյֆելյան աշտարակը, ուր տարեկան բարձրանում է մոտ 3մլն զբոսաշրջիկ: Մեկ այլ խորհրդանիշ է Փարիզի Աստվածամոր տաճարը, որը կառուցվել է 1163թ.: Պեր- Լաշեզ գերեզմանատանն են գտնվում բազմաթիվ հայտնի մարդկանց գերեզմանները: Վերսալը Ֆրանսիայի թագավորների նստավայրն էր: Վերսալի պալատի շինարարությունը տևել է մոտ 50 տարի: Պալատ տարեկան այցելում է 1,2մլն զբոսաշրջիկ: Լուարա գետի հովիտն անվանում են «Ֆրանսիայի այգի»: Ռոն գետի հովտում է գտնվում Լիոն քաղաքը, որը երկրորդն է Փարիզից հետո: Քաղաքի գլխավոր զբոսաշրջային վայրը Լիոնի թանգարանն է, որտեղ կան ավելի քան 400 հազար մետաքսե իրեր:

Ֆրանսիան հայտնի է նաև իր լեռնադահուկային հանգստավայրերով: Շամոնին ամենահին լեռնադահուկային հանգստավայրն է: Այստեղ անցկացվել են առաջին ձմեռային Օլիմպիական խաղերը 1924թ.: Այստեղ է գտնվում Ալպերի ամենաերկար լեռնադահուկային սահուղին` Սպիտակ Հովիտը: Շամոնին հարմար դիրքում է գտնվում` Ֆրանսիայի, Իտալիայի և Շվեյցարիայի սահմանին: Այլ հայտնի լեռնադահուկային հանգստավայրեր են Վալ դ'Իզեր, Վալ Տորենս, Մերիբել, Կուրշավել և այլն: 

Ֆրանսիան գրավում է նաև իր ծովափնյա հանգստավայրերով: Դովիլ, Տրուվիլ և Օնֆլեր հանգստավայրերը հայտնի են դեռևս 19-րդ դարից: Բացի Ֆրանսիացիներից այստեղ հանգստանում են զբոսաշրջիկներ Անգլիայից և Գերմանիայից: Լա Ռոշելի, Բիարիցա և Արկաշոնա լողափները հարմար են վինդսերֆինգի համար: Լազուր ափը Ֆրանսիայի հայտնի հարավային շրջան է, որը ձգվում է Միջերկրական ծովի երկայնքով` Մարսելից մինչև Իտալիայի սահման: Հիմնական հանգստավայրերն են Նիցցան, Կաննը, Անտիբը, Սեն-Տրոպեն, Մետոնը: Լազուր ափը հայտնի է ոչ միայն իր լողափներով, այլ նաև զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածքներով, հատկապես ժամանցի կազմակերպման` ռեստորաններ, հյուրանոցներ տարբեր ժամանցային վայրեր: Այստեղ հանգստավայրային քաղաքների միջև հեռավորությունը մեծ չէ, և կարելի է մեկ քաղաքում ապրելով այցելել նաև մյուս քաղաքներ:

Ֆրանսիայից որպես հուշանվեր ձեռք են բերում գինի, պանիրներ, նորաձև իրեր, օծանելիք և այլ հուշանվերներ: