User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 
(0 / 0)

Հորդանան, պաշտոնապես Հորդանանի Հաշիմյան Թագավորություն: Արաբական թագավորություն է Առաջավոր Ասիայում` Հորդանան գետի ափին: Հարավում սահմանակից է Սաուդյան Արաբիային, հարավ-արևելքում՝ Իրաքին, հյուսիս-արևելքում՝ Սիրիային, արևմուտքում՝ Իսրայելին և Պաղեստինի Պետությանը։ Մայրաքաղաքը և կառավարության նստավայրը Ամմանն է: Խոշոր քաղաքներն են Պետրան և Աքաբան: Պետրայից Աքաբա գնալու ճանապարհին կարելի է հիանալ Վադի Ռամ անապատի գեղեցիկ տեսարաններով: Հիմնական հանգստավայրերն են Աքաբան և Մեռյալ ծովի ափերը:
Երկրի ընդհանուր տարածքը 89,342 կմ2 է: Հորդանանը բաժանվում է 12 մուխաֆազների, որոնք իրենց հերթին բաժանվում են 52 շրջանների: Կլիման մերձարևադարձային, չորային է, արևմտյան մասում`միջերկրածովյան: Բուսականությունն աղքատ է, տարածքի զգալի մասը զբաղեցնում է ավազոտ կամ քարքարոտ անապատը:
Պետական լեզուն արաբերենն է: Մահմեդականությունը Հորդանանի պաշտոնական կրոնն է, երկրի բնակչության մոտ 92%-ը մահմեդականներ են: 

Հորդանան հիմնականում այցելում են ընտանիքներով ճամփորդողները, որոնք ունեն միջին և բարձր եկամուտ: Զբոսաշրջիկների մեկ այլ կատեգորիա են ուխտագնացները և պատմությամբ ու մշակույթով հետաքրքրված մարդիկ: Երկիրն ունի նպաստավոր աշխարհագրական դիրք, որի շնորհիվ զբոսաշրջիկները կարող են իրենց այցելությունը համատեղել Իսրայել և Սիրիա այցելության հետ: 

Հորդանանում կան բազմաթիվ հնագույն հուշարձաններ: Բացի դրանից, երկիրը հայտնի է նաև իր առողջարաններով և սպա-կենտրոններով, որոնք գտնվում են Մեռյալ ծովի ափին: Մեռյալ ծովը գտնվում է Հորդանանի և Իսրայելի սահմանին: Այն աշխարհի ամենաաղի լիճն է և գտնվում է համաշխարհային օվկիանոսի մակարդակից 400մ ցածր: Այն հայտնի է իր բուժիչ հատկություններով, որոնք ապահովում են հենց ջրի աղը և այլ օգտակար բաղադրիչները: Մեռյալ ծովում միշտ տաք եղանակ է` 330 արևոտ օր տարվա մեջ: Մեռյալ ծովի հորդանանյան ափեը գտնվում է միջազգային օդանավակայանից 45 րոպե հեռավորության վրա: Տեղի հյուրանոցներն ունեն սեփական լողափներ, սակայն կա նաև առանձին վճարովի լողափ այն զբոսաշրջիկների համար, ովքեր չեն ցանկանում գիշերել տեղի հյուրանոցներում:

Ջերաշը Հռոմեական կայսրության ժամանակաշրջանից գրեթե ամբողջապես պահպանված բնակավայր է: Այստեղ կա 17 բյուզանդական եկեղեցի, երկու ամֆիթատրոն, մի քանի հնագույն փողոց` սյունաշարերով զարդարված: Այն գտնվում է Ամմանից 1 ժամ հեռավորության վրա: Այս բնակավայրը նաև անվանում են «Արևելքի Պոմպեյ»: Հնագետներին հատկապես հետաքրքիր է Պելլան, որը հարուստ է հնություններով: Բացի հունա-հռոմեական շրջանի ավերակներից, այստեղ կարելի է տեսնել էնեոլիթիկ բնակավայրի հետքեր (մ.թ.ա. 4-րդ դար), բրոնզե և երկաթե դարերի բնակավայրերի ավերակներ, բյուզանդական եկեղեցիների և տների ավերակներ: Արաբական Խալիֆայության պատմությամբ հետաքրքրվողները պետք է այցելեն Կասր-Ամրա միջնադարյան բաղնիքը, որը զարդարված է մարդկանց և կենդանիների պատկերներով զարդաքանդակներով: Ակտիվ հանգիստ նախընտրողները կարող են քարավանի հետ շրջել անապատում` տարբեր վայրերում գիշերելով, կամ օդապարիկով թռնել Վադի Ռամ անապատի վրայով, մասնակցել արշավներին և այլն: