User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 
(0 / 0)

Իսպանիայի Թագավորությունը, Իսպանիա (իսպաներեն՝ Reino de España) պետություն է Եվրոպայի հարավ-արևմուտքում։ Զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու հիմնական տարածքը, Միջերկրական ծովում գտնվող Բալեարյան, Պիտիուսյան և Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կանարյան կղզիները։ Արևմուտքում սահմանակցում է Պորտուգալիայի հետ, հյուսիսում՝ Ֆրանսիայի և Անդորրայի, հարավում՝ Ջիբրալթարի։ Պետական կառավարության տեսակը սահմանադրական միապետություն է։ Իսպանիայի ափերը հյուսիսում և արևմուտքում ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ հարավում և արևելքում միջերկրածովյան ջրերով։ Իսպանիայի բնակչությունը 46մլն մարդ է (2010)։ Մայրաքաղաքը Մադրիդն է։ Խոշորագույն քաղաքներն են Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան, Սևիլյան, Սարագոսան և Մալագան։ Երկիրը կազմված է ինքնավար համայնքներից, որոնք իրենց հերթին բաժանվում են մարզերի: 

Ներկայիս Իսպանիայի ամենահին ճանաչված ազգերը եղել են Կելտերը և իբերները։ Հռոմեական կայսրության կողմից՝ Պիրենեյան թերակղզու մեծ դժվարությամբ զավթումից հետո այն դարձավ կայսրության շրջան և անվանվեց Հիսպանիա։ Վաղ միջնադարում այն գտնվում էր գերմանական ցեղերի, հատկապես վեստգոթերի հպատակության տակ, սակայն հետո զավթեցին մուսուլմանները։ Երկարատև և դժվար պայքարի արդյունքում քրիստոնեական թագավորությունը, որը գտնվում էր թերակղզու հյուսիսում, երկրից դուրս մղեց մուսուլմաններին, որոնց վերջին մնացորդները քշվեցին 1492-ին Գրանադայից։ Թագավորությունը բարգավաճեց և դարձավ Եվրոպայի ամենահզոր թագավորությունը 16-րդ դարում և 17-րդ դարի սկզբներին։

Պաշտոնական լեզուներն են՝ իսպաներենը (ամբողջ տարածքում), կատալոներենը, բասկերենը, գալիցիերենը և արագոներենը։ Պետական կրոնը Քրիստոեությունն է: Բնակչության մեծամասնությունը կաթոլիկ է` մոտ 73%, 2%-ը այլ կրոնների հետևորդներ են, բնակչության մյուս մասը ոչ մի կրոն չի դավանում կամ աթեիստ է:

Լողափերը Իսպանիայի հարստությունն են: Բազմաթիվ զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից այստեղ են գալիս հանգստանալու համար: Երկրի գրեթե բոլոր լողափերը պետական են և անվճար: Իսպանիայի միջերկրածովյան ափին են գտնվում կատալոնական Կոստա Բրավան, Կոստա դել Մարեսմեն, Կոստա դել Գարրաֆը, Կոստա Դորադան, նաև վալենսիական Կոստա Բլանկան: Ջիբրալթարի նեղուցի մոտ երկրի հարավային ափերն են, որտեղ Անդալուսիան է իր Կոստա դել Սոլ և Կոստա դե լա Լուս հանգստավայրերով: Ֆրանսիայի և Պորտուգալիայի միջև գտնվող ծովափնյա տարածքում առանձնանում են Գալիսիան, Կոստա Վերդեն և Կանտաբրիան: Միջերկրական ծովում են գտնվում Բալեարյան կղզիների հանգստավայրերը` Մայորկան, Մենորկան, Իբիցան և ֆորմենտերան: Զբոսաշրջիկներին գրավում են նաև Կանարյան կղզիները:

Իսպանիան նաև ունի նպաստավոր պայմաններ լեռնադահուկային հանգստի համար: Հայտնի լեռնադահուկային հանգստավայրերը գտնվում են Ֆրանսիայի սահմանին` Պիրենեյներում: Դրանք բաժանվում են Կատալոնյան Պիրենեյների և Արագոնյան Պիրենեյների: Կատալոնյան հանգստավայրերից են Լա Մոլինան, Պորտ դել Կոմտեն, Բակեյրա Բերետը, որոնք հայտնի են գեղեցիկ տեսարաններով, լեռնային գետերով և լճերով: Արագոնյան հատվածը Պիրենեյների ամենաբարձր մասն է: Սարագոսայում է գտնվում Իսպանիայի ամենախոշոր լեռնադահուկային հանգստավայրը` Ֆորմիգալը: Իսկ ամենաբարձր լեռնադահուկային հանգստավայրը Սիերա Նևադան է, որտեղ անցկացվել է լեռնադահուկային սպորտի միջազգային չեմպիոնատ:

Իսպանիայում ցանկացած զբոսաշրջիկ կգտնի իր հետաքրքրությամբ տեսարժան վայր: Այստեղ կազմակերպվում են բազմաթիվ էքսկուրսիաներ երկրի տարբեր քաղաքներում: Օրինակ, Սիերա Նևադայում հանգստացողները կարող են մասնակցել մեկօրյա տուրերին դեպի Գրանադա, Կորդովա կամ Սևիլյա: Իսպանիան հայտնի է նաև իր կրոնական հանգստավայրերով: Յուրաքանչյուր տարի հայտնի սրբավայրեր են այցելում մինչև 10-12մլն զբոսաշրջիկներ:

Իսպանիայում անցկացվում են տարբեր ֆիեստաներ` տոներ, թեմատիկ փառատոններ, որոնք նույնպես գրավում են զբոսաշրջիկների: Դրանցից են Մադրիդի կրակի տոնը` Լումինարիուսը, Մալագայի Գասպաչոյի տոնը, Գինու գիշերը և 3 մշակույթների փառատոնը, Բարսելոնայի գաստրոնոմիայի փառատոնը` Դեգգուստոն, և «Գաուդիի գիշերը»: Օգոստոսի վերջին իսպանական քաղաքներում անցկացվում է ամենամյա «Տոմատինան» կամ «Կռիվ լոլիկներով» փառատոնը: