User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 
(5 / 1)

ՄԱԷ, պաշտոնապես Միացյալ Արաբական Էմիրություններ։ ՄԱԷ-ն գտնվում է Հարավ-արևմտյան Ասիայում՝ Արաբական թերակղզու հարավ-արևելյան մասում։ ՄԱԷ-ն հարավից և արևմուտքից սահմանակից է Սաուդյան Արաբիային, հարավ-արևելքից և հյուսիս արևելքից Օմանի հետ։ ՄԱԷ-ի ափերը ողողում են Օմանի և Պարսից ծոցերը։

Գլխավոր ցեղը այս տարածքում, եղել և մնում է Բանի-Յազը, որը հենց սկզբից բնակված է եղել Լիվայի և Ալ-Այինի օազիսների վրա։ 1833թ. Բանի-Յազ ցեղից Մաքթումները, գաղթում են օազիսներից և հաստատվում Դուբայում, անկախացնելով այն։ Այսպես ստեղծվեց Մաքթումների դինաստիան, որը ղեկավարում է Դուբայի Էմիրությունը մինչ օրս։

1920-ականներին «Պայմանական Օման»-ում սկսվեց պայքարը անկախության համար, որը սկսվեց Շարժա և Ռաս-ալ-Խայմա քաղաքներից։ Հենց այդ ժամանակ տեղի ունեցավ մի հայտնություն, որը բեկումնային դարձավ ոչ միայն Էմիրությունների, այլ ամբողջ Մերձավոր Արևելքի համար. Պարսից ծոցում գտնվեցին նավթի չափազանց հարուստ պաշարներ։

1950-ականներից սկսած նավթի արդյունաբերությունը ոտքի կանգնեցրեց երկիրը և այն սկսեց արագ տեմպերով զարգանալ, սակայն թագավորությունը դեռ մնում էր բրիտանական պրոտեկտորատի ազդեցության տակ։ 1964թ. Բրիտանական պրոտեկտորատին դեմ դուրս եկավ Արաբական երկրների լիգան, որը պաշտպանում էր արաբական ժողովուրդների լիովին անկախացման հարցը։ 1968թ. որոշվեց, որ 1971թ. բրիտանական զորքերը պետք է դուրս գան Սուեզի ջրանցքի հարակից տարածքներից և Պարսից ծոցի պետություններից։ Թագավորությունները կնքեցին համաձայնագիր Պարսից ծոցի Արաբական Թագավորությունների Ֆեդերացիա ստեղծելու մասին։ Այս ֆեդերացիայի մեջ պետք է մտնեին Բահրեյնը և Կատարը, սակայն ավելի ուշ նրանք դարձան ինքնուրույն պետություններ։

ՄԱԷ-ն բաղկացած է 7 էմիրություններից` Աբու Դաբի, Դուբայ, Ֆուջեյրա, Աջման, Շարժա, Ռաս-ալ-Խայմա և Ումմ-ալ-Քուվեյն: Պաշտոնական մայրաքաղաք Աբու Դաբին վերջին 30 տարիների ընթացքում ենթարկվել է մեծ փոփոխությունների. այն ոչ միայն ԱՄԷ-ի, այլև աշխարհի ամենաարագ զարգացող  քաղաքներից է:

ՄԱԷ-ում յուրաքանչյուր զբոսաշրջիկ կգտնի իր հետաքրքրությունը: Երկիրն ունի հրաշալի լողափներ և մաքուր ջրեր, նպաստավոր պայմաններ էքստրիմ զբոսաշրջության համար, շուկաներ, որտեղ կարելի է գտնել ամեն ինչ, համեղ խոհանոց, շքեղ հյուրանոցներ և բարձրակարգ սպասարկում: Այստեղ հիմնականում հանգստանում են միջին և բարձր եկամուտ ունեցողները, սակայն որոշ էմիրատներում կարելի է գտնել նաև բյուջետային հյուրանոցներ: Երկրում կազմակերպվում են բազմազան էքսկուրսիաներ բոլոր էմիրատներում, սաֆարիներ, կան նաև դայվինգ կենտրոններ, որոնք կհետաքրքրեն ակտիվ հանգիստ նախընտրողներին:

ՄԱԷ-ում շոփինգի հիմնական կենտրոնները Դուբայն ու Շարժան են: Այստեղ կան խոշոր առևտրի կենտրոններ և առևտրային փողոցներ, որտեղ կարելի է սակարկել գները և ձեռք բերել իրեր ավելի մատչելի գներով: Առևտրի կենտրոններում գներն ավելի բարձր են, սակայն իրերն ավելի որակով են: Որպես հուշանվեր այստեղից կարելի է գնել արաբական սրճեփներ և նարգիլեներ, զարդատուփեր, ուղտի կաշվից իրեր և ազգային արաբական դաշույններ: